Gallery

«Երանի»


Եղավ: Ինչպես ամեն չսպասված բան է լինում, սա էլ եղավ: Ես չհավատացի, դու չհավատացիր, ոչ ոք չհավատաց: Աշխարհը զարմացավ: Երանի չզարմանար, միայն ժպտար: Ես կարողացա երկար լռել: Հիշու՞մ ես, մի անգամ ասացիր, որ, երբ ես լռում եմ, դու ինձ ավելի ուժգին ես սիրում, ու, որ վախենում ես, որ մի օր կխելագարվես: Ու ես էլ չեմ լռում, բայց ես էլ եմ վախենում: Իսկ եթե…Երբեմն այնքան անհասկանալի է դառնում լռելը, որ դու մոռանում ես քո բոլոր վախերը: Լռությունը մեզ երբեք էլ չօգնեց: Լռեցի, ու բոլոր բառերը մնացին կոկորդումս շարված, հերթի մեջ, այնպես ինչպես խանութներում են մարդիկ մնում հերթերի մեջ: Մնացին ու սկսեցին խեղդել, մեկը մյուսին հրել, ավելի անտաշները՝ հայհոյել: Մնացին կոկորդումս գինու խցանի պես, ու ես, հավատալով թե գինին հնությունից է քաղցրանում, այդպես էլ խցանը չհանեցի: Դու ի՞նչ արեցիր: Դո՞ւ էլ ինձ պես: Չէ, դու հերթեր չես սիրում, գիտեմ, իսկ գինու խցան հանել այդպես էլ չսովորեցիր :Ինչպես միշտ խցանը գցեցիր շշի մեջ ու ամբողջ գինին ագահորեն, վախվորած խմեցիր: Դեռ հարբա՞ծ ես:Ես քո պես չկարողացա:Երեկ մտածում էի, շատ երկար էի մտածում, ու հասկացա, որ սպասելը վտանգավոր է: Որովհետև, երբ մարդիկ սկսում են սպասել, միշտ ինչ որ ելքեր են փնտրում սպասումը, ժամանակը կրճատելու համար, ու կարող են անել ցանկացած արատավոր բան (բոլորին ասելու եմ սրա մասին): Ես էլ էի սպասում: Բայց ինչպե՞ս հեռու մնացի այդ արատներից: Չգիտեմ: Արատներ չեղան, բայց կորուստներ ունեցա: Սպասման ուժգնությունից փշրվեց դեմքիս ժպիտը, հետաքրքրությունս ամեն ինչի հանդեպ, բերանիս երկու կողմում նկարված գծերը անհետացան: Հոգիս էլ փշրվեց: Իրական չէին այլևս աչքերս: Հոգումս մթնեց ինչ որ բան: Չգիտեմ դրա անունը: Երբևէ մտքովդ չի՞ անցել ժամանակ կոչվածին քարշ տալ դատարան, մեղադրել սպանության մեջ: Այս ամենազոր կոչվածը մեր հոգիներում միշտ ինչ որ բաներ է սպանում: Սա էլ եմ հասկացել: Կարևոր է: Ինչու՞ ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չի սովորեցնում: Արդեն մթնում է: Երկինքը սև գույն է քամում աշխարհի վրա: Մթնում է: Մութը մենք ենք հնարել, այստեղ կարող ենք թաքցնել մեր մեղքերը, հայացքները, աչքերը, բայց ոչ իրական աչքերը: Հնարել ենք, որ լռելու պատճառ ունենանք: Հետո մտածում եմ, որ աստղերն էլ է ինչ որ մեկը նկարել, որ նայենք նրանց ու լռենք: Երբեմն ուզում եմ վերցնել ռետինը ու ջնջել դրանք: Բայց գեղեցիկ են: Օր է լինում, տեսնում եմ չկան: Մտածում եմ ինչ որ մեկը, երևի չի դիմացել ու ջնջել է: Երևի հոգնել է լռելուց: Երևի տխուր է: Ես դա զգում եմ: Միշտ եմ զգում: Երանի մի օր էլ դու իմ տխրությունը զգաս…

Արևիկ Թովմասյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s